ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«ԵԱՀԿ-Ը ՄԻՋՈՑ, ՓՈՂ, ՄԱՐԴ ՉԳՏԱՎ»

«ԵԱՀԿ-Ը ՄԻՋՈՑ, ՓՈՂ, ՄԱՐԴ ՉԳՏԱՎ»
08.10.2010 | 00:00

«Ադրբեջանցի փախստականները շատ ավելի լավ վիճակում են, անընդհատ միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում են, իսկ Ադրբեջանից մազապուրծ փախած հայերն ընդհանրապես մոռացված են։ Այստեղ որոշակի միտում ենք տեսնում. միջազգային որոշ ուժերի ճնշմամբ ադրբեջանահայերի խնդիրները ոչ մի տեղ չեն արծարծվում, ոչ էլ անգամ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների ընթացքում»,- երեկ «Իրատես de facto» ակումբում հայտարարեց ադրբեջանահայերի լիազոր ներկայացուցիչների կազմկոմիտեի անդամ ՄԱՐԻԱՄ ԱՎԱԳՅԱՆԸ` միաժամանակ տեղեկացնելով, որ Հայաստանում ապրող ադրբեջանահայերը ստեղծում են համագումար, որը կբարձրաձայնի նրանց խնդիրները։ «Ռասիստական Ադրբեջանից մենք պահանջում ենք և՛ բարոյական, և՛ նյութական փոխհատուցում»,- ընդգծեց ակումբի հյուրը` հընթացս զուգահեռներ անցկացնելով 1915-ի ցեղասպանության և Բաքվի ջարդերի միջև։
Համագումարի փորձագետ ՀՐԱՆՈՒՇ ԽԱՌԱՏՅԱՆՆ էլ նախ ասաց, թե Հայաստանը 5-6 տարի անընդմեջ դիմել է միջազգային տարբեր ատյանների, ԵԱՀԿ-ին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կառույցներին, որ գոնե մեկ-երկու մարդ ուղարկեն Նախիջևանի տարածքում բռնի ու բիրտ ոչնչացվող քրիստոնեական մշակութային կոթողների վիճակը տեսնելու, հետո էլ հավելեց. «ԵԱՀԿ-ը միջոց, փող, մարդ չգտավ։ Ոչ մի անգամ այս կառույցի շրջանակներում չհնչեց հայ փախստականության խնդիրը, այնինչ այսօր արդեն քննարկվում է Ադրբեջանի փախստականների վերադարձի հարցը։ Ավելին, այսօր այդ կառույցը փաստահավաք առաքելություն է իրականացնում։ Տարօրինակ է` ինչո՞ւ»։ Խառատյանը նշեց, թե իրենք նոր չէ, որ փախստականների խնդիրներով են զբաղվում, և ձևավորվել է արդեն ահռելի իրավական դաշտ, որը հնարավորություն կտա փախստականների խնդիրը լուծելու միջազգային չափորոշիչներով։ Մինչդեռ միջազգային իրավունքը խախտում են հենց միջազգային կառույցները։ «Սա կամ սադրանք է հայության հանդեպ, կարծես կոշտ գործողությունների են դրդում, կամ պարզապես ներքին գաղտնի բանակցությունների ու ճնշումների հետևանք է։ Իսկ այդ ճնշումները կարող են լինել միջնորդավորված, նյութական շահագրգռությամբ։ Այլապես տրամաբանություն չկա. և՛ այստեղ, և՛ այնտեղ փախստականների խնդիր կա։ Ամբողջ բանակցային գործընթացում հայ փախստական չկա,- հավաստիացրեց տիկին Խառատյանը` եզրահանգելով,- եթե չկարողանանք ազդել դեպքերի ընթացքի վրա, ուրեմն պետք է բոլորս ստորագրենք, որ ոչ մի միջազգային կառույց իրավունքի համար չէ, այլ որոշակի կամք թելադրելու»։
Կազմկոմիտեի անդամ ԳԱՅԱՆԵ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆՆ էլ ներկայացրեց կազմկոմիտեի փորձագիտական եզրակացությունը։ «Թեպետ աշխարհում սփռված շուրջ 420 հազար ադրբեջանահայ ստացել է «փախստական» ընդհանրական անվանումը, սակայն քննարկվող գործոն չեն դարձել ո՛չ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող բանակցություններում, ո՛չ էլ տարածաշրջանի հետ կապված գործընթացներում... Հայ փախստականների համար իրենց նոր բնակավայրում սկսեց իրավիճակը կտրուկ վատանալ 2004-ին։ Ղարաբաղի կողմից տրամադրվող չնչին օգնություններն ու արտոնությունները սրընթաց կրճատվեցին»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Ի դեպ, կազմկոմիտեն լինելու է ապաքաղաքականացված կառույց, այն հասարակական նախաձեռնություն է ու բաց է լինելու բոլոր քաղաքական կառույցների հետ համագործակցության համար, որոնք ադրբեջանահայության խնդիրները լուծելու ցանկություն ունեն։ «Ջանում ենք, որ սա լինի բոլոր ադրբեջանահայ փախստականների համար հնարավորություն` իրենց ակնկալիքները ձևավորելու գործում»,- վստահեցրեց Հրանուշ Խառատյանը` հավելելով, որ ներքաղաքական տարբեր իրադարձությունների, երկրաշարժի, պատերազմի պատճառով փախստականների խնդիրների մասին ավելի վաղ չի խոսվել։
«Ի տարբերություն Ադրբեջանի, որն իր փախստականներին կենտրոնացրեց վրանային ճամբարներում, ու նրանց դարձրեց քաղաքական գործոն, Հայաստանում այդպես չարվեց, այդ զանգվածը տարրալուծվեց տեղի բնակչության մեջ։ Արդեն դանակը ոսկորին հասնելու պահն է. երբ քեզանով ոչ ոք չի զբաղվում, ստիպված դու ես քո խնդիրներն իշխանություններին ու միջազգային կառույցներին ներկայացնում»,- նկատեց Գայանե Առուստամյանը։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1130

Մեկնաբանություններ